Ես շփում եմ ունեցել իմ ուկրաինացի գործընկերոջ հետ և հաստատել եմ Ուկրաինա այցելելու իմ պատրաստակամությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլիի խոսքով՝ այցի մանրամասները կքննարկվեն այսօր Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ հեռախոսազրույցում։
«Վերջին օրերին ես ինտենսիվ և ընկերական շփում եմ ունեցել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։
Իսկապես օրինակելի է այն հերոսական կեցվածքը, որով ուկրաինացի ժողովուրդը և նրա կառավարությունը պաշտպանում են իրենց հայրենիքն ու ապագան։
Իմ գործընկերը վերահաստատեց ինձ Ուկրաինայում ընդունելու իր ցանկությունը՝ ուղղակիորեն կիսելու ռուսական ագրեսիայի հետևանքով առաջացած մարդկային ողբերգությունները և ավերածությունների հետևանքները։
Այսօր մենք նախատեսում ենք ավելի շատ խոսել Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիայի, մեր երկրների եվրոպական ապագայի մասին։
Մենք կքննարկենք վրաց-ուկրաինական հարաբերությունները և մեր համակարգման անհրաժեշտությունը՝ վերջին ժամանակների նմանատիպ թյուրիմացություններից խուսափելու և մեր երկրների ու ժողովուրդների միջև պատմական եղբայրական կապերն էլ ավելի ամրապնդելու համար։
Մեր շփումը, ինչպես նաև նրա երեկվա հարցազրույցը «Իմեդի»-ին ինձ վստահեցրեց, որ բոլոր անհարմարություններն ու թյուրիմացությունները լուծելու հնարավորություն կա։ Սա նկատի ունենալով, ես քննարկումներ եմ ունեցել կուսակցության մյուս բոլոր առաջնորդների հետ և բոլորս համաձայնել ենք, որ իմ այցը Ուկրաինա կարող է կարևոր դեր խաղալ այս խնդիրների լուծման գործում։
Ես արդեն շփվել եմ իմ գործընկերոջ հետ և հաստատել իմ պատրաստակամությունը Ուկրաինա այցելելու համար։ Այսօրվա զրույցում կանդրադառնանք նաև այցի մանրամասներին։
Եվ կրկնեմ՝ Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի աջակցությունը մեր մարդկային և պատմական պարտքն է, և մենք կկատարենք այդ պարտականությունը»,- ասել է Շալվա Պաուաշվիլին։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։