Արցախին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության իրականացրած ծրագրերը 13.04.2022 . Արցախ

Արցախին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության իրականացրած ծրագրերը
		13.04.2022 . Արցախ


44-օրյա պատերազմից հետո և 2021 թվականին Արցախին աջակցելու, բնականոն կյանքը վերականգնելու նպատակով Հայաստանի կառավարությունն իրականացրել է 136 մլրդի 2 տասնյակից ավելի միջոցառում, նշեց Կառավարության ծրագրի 2021-ի կատարողականի հարակից զեկուցող, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) — Առաջին հերթին պետությունը երաշխավորել է Արցախում արտակարգ իրավիճակներում, ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը:

2020 թվականի նոյեմբերին Արցախի 100 000 քաղաքացու տրամադրվել է միանվագ 68 հազար դրամ և հավելյալ 15 հազար դրամ՝ Հայաստանում անշարժ գույք չունենալու պարագայում: Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 300 հազ. դրամ, որի ընդհանուր բյուջեն կազմել է 10,6 մլրդ դրամ, շահառուների թիվն անցել է 35 000-ը: Իսկ հրետակոծության հետևանքով Արցախում բնակարանը կամ տունը կորցրած 5 388 շահառուի միանվագ հատկացվել է 250 000-ական դրամ:

Մհեր Գրիգորյան — Երկու միջոցառում է իրականացվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած և Արցախում հրետակոծության հետևանքով բնակարանը կամ տունը կորցրած անձանց հյուրընկալած ընտանիքներին օժանդակելու նպատակով: Հայաստանում յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս անձի համար տրամադրվել է 30 հազ. դրամ, Արցախում՝ 45 հազ. դրամ։ Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2,9 մլրդ դրամ:

Հայաստանում արցախցի մեր հայրենակիցներին հյուընկալած հյուրատներին տրամադրվել է յուրաքանչյուր չափահաս անձի համար 30 հազ. դրամ: Արցախի նախադպրոցական տարիքի բոլոր երեխաներին տրամադրվել է 20 000-ական դրամ, փոխհատուցվել է 4210 ուսանողի ուսման վարձը:

Մհեր Գրիգորյան — 4 ամիս անընդմեջ՝ սկսած 2021թ. մարտից Արցախում հաշվառված կամ բնակված անձանց աջակցություն է տրամադրվել ամսական 68 հազ. դրամի չափով: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 27,1 մլրդ դրամ, շահառուների թիվը այս միջոցառման՝ շուրջ 109 000: 2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղահանված և Արցախում բնակելի տունը կորցրած անձանց ամսական աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով՝ երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ 50 հազ. դրամի, այլ խմբերին՝ 25 հազ. դրամի չափով:

Գրիգորյանն ընդգծում է՝ հետագայում ծրագիրը երկարաձգվել է. 2022 թվականի հունվար- փետրվարին 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին ամսական 40 հազ. դրամ է հատկացվել, այլ խմբերին՝ 20 հազ. դրամ:

Մհեր Գրիգորյան — Դեռևս 2020 թվականի վերջին Կառավարության կողմից ընդունվել է երեք որոշում, որոնց շրջանակներում շուրջ 5,1 մլրդ դրամ հանրագումարով արտոնյալ բյուջետային վարկեր են տրամադրվել Արցախի կառավարությանը՝ Արցախի տնտեսությանն աջակցելու նպատակով: Որպես նվիրաբերություն 2020 թվականի դեկտեմբերին 1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն է տրամադրվել Արցախի կառավարությանը Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ամբողջ բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի ծախսը անհատույց ֆինանսավորելու նպատակով։

Արցախցիների սպառած գազի, էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, նաև ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի ֆինանսավորման նպատակով Արցախի կառավարությանը 2021 թվականի ապրիլին որպես նվիրաբերություն տրամադրվել է շուրջ 4,1 մլրդ դրամ, 2021 թվականի հուլիսին 7,4 մլրդ դրամ:

Ընդհանուր առմամբ 2021 թվականի հուլիս- դեկտեմբերին ՀՀ պետական բյուջեից Արցախին տրամադրվել է նաև 64,1 մլրդ դրամ գումարի չափով արտոնյալ վարկ՝ Արցախի կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածի աշխատողների աշխատավարձի, առողջապահական, կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով: Այս տարվանից իրականացվում է նաև Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր:

Այս տարի Արցախին աջակցության համար նախատեսված գումարի չափն աճել է, կազմելով 144 մլրդ. դրամ:

Հեղինակ` Վրույր Մկրտչյան