Հունգարիայում հայտարարել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Հունգարիայում հայտարարել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները


Հունգարիայում ապրիլի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որում հաղթանակ է տարել իշխող կուսակցությունը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, վերջնական են ճանաչվել: Երկրի Գերագույն դատարանը մերժել է քվեարկության արդյունքների վերաբերյալ ստացված բողոքը։

Հունգարիայի ազգային ընտրական հանձնաժողովը ապրիլի 14-ին հաստատել էր ընտրությունների արդյունքները միամանդատ ընտրատարածքներում և կուսակցական ցուցակներով: Դրանց հետ անհամաձայնություն էր հայտնել միայն «Մեր հայրենիք» ընդդիմադիր ազգայնական կուսակցությունը, որը պահանջում էր վերահաշվարկել փոստով ուղարկված քվեաթերթիկները։ Սակայն Գերագույն դատարանը կուսակցության դիմումն անհիմն է համարել:

Այսպիսով, ընտրությունների արդյունքների համաձայն՝ իշխող «Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը և քրիստոնյա-դեմոկրատները Պետական ժողովում սահմանադրական մեծամասնություն են ստացել՝ 199 պատգամավորական մանդատներից 135-ը: Ընդդիմադիր վեց կուսակցություններից բաղկացած կոալիցիան կարողացել է ապահովել միայն 57 տեղ, իսկ «Մեր հայրենիքը»՝ 6: Մեկ պատգամավորական մանդատ բաժին է հասել գերմանական փոքրամասնության ներկայացուցչին։