ԵՄ-ն դիտարկում է Հունգարիայի դիրքորոշման պատճառով Ռուսաստանից նավթի էմբարգոն հետաձգելու հարցը

ԵՄ-ն դիտարկում է Հունգարիայի դիրքորոշման պատճառով Ռուսաստանից նավթի էմբարգոն հետաձգելու հարցը


ԵՄ որոշ երկրներ կարծում են, որ անհրաժեշտ է քննարկել ռուսական նավթի ներմուծման արգելքը հետաձգելու հնարավորությունը, եթե Հունգարիան չաջակցի դրան՝ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանից նավթի էմբարգոն հետաձգելու գաղափարը «աջակցություն է ստանում»։ Սակայն, դիվանագետներից մեկի խոսքով, մի շարք երկրներ մտահոգված են, որ պատժամիջոցների առաջիկա փաթեթից ռուսական նավթի արգելքի բացառումը «թուլության նշան կլինի»։

Մայիսի 16-ին կայանալու է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ, ըստ դիվանագետների, անդամ երկրները կփորձեն համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների ամբողջական փաթեթի հարցում։

Հինգշաբթի Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ԵՄ երկրների ներկայացուցիչները շարունակում են քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի առաջարկները, սակայն դեռ վաղ է ասել, թե երբ կավարտվի այդ գործընթացը։ Խոսքը, մասնավորապես, ռուսական նավթի էմբարգոյի մասին է։ Պատժամիջոցների հաստատմանը խանգարում է Հունգարիան, որը հրաժարվում է աջակցել պատժամիջոցների առաջարկներին ներկա տեսքով։ Բուդապեշտը իր դիրքերը պատճառաբանում է սեփական տնտեսությունը պաշտպանելու ցանկությամբ։

Սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշումները Եվրամիությունում ընդունվում են միաձայն, յուրաքանչյուր երկիր այս հարցում վետոյի իրավունք ունի։