Եվրամիության ֆրանսիական նախագահությունը հայտնում է՝ կառույցի դեսպանները Լյուքսեմբուրգում հավանության են արժանացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը տարածվում է նաև նավթային և բանկային ընկերությունների, ինչպես նաև լրատվամիջոցների, անվտանգային, ռազմական, արդյունաբերական ոլորտների վրա։
Մասնավորապես, սահմանվում է ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարումների էմբարգո, ինչը մինչև տարեվերջ 92%-ով կնվազեցնի էներգառեսուրսից Եվրոպայի կախվածությունը։ Փաթեթը թույլ է տալիս նաև արգելել Ռուսաստանից նավթի մատակարարումը խողովակաշարով։
Նախատեսվում է SWIFT համակարգից ռուսական երեք բանկի, այդ թվում՝ «Սբերբանկի» անջատում։
ԵՄ Խորհրդից հայտնում են, որ վեցերորդ փաթեթն ուժի մեջ կմտնի կառույցի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո։