Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկա մակարդակը և կարևորել հատկապես ռազմատեխնիկական ուղղությամբ փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Նիկոս Խարդալիասը հաստատել է համագործակցությունը զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը և նշել, որ երկու երկրների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են առավել խորացնել փոխգործակցությունը` առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները:
Նույն օրը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:
Քննարկվել են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները: