Քիսինջերը հորդորել է «տեղ գտնել» Ռուսաստանի համար Ուկրաինայի հակամարտությունից հետո

Քիսինջերը հորդորել է «տեղ գտնել» Ռուսաստանի համար Ուկրաինայի հակամարտությունից հետո



ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ավարտից հետո անհրաժեշտ է «տեղ գտնել» ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի համար։ Այդ մասին նա հայտարարել է The Sunday Times-ի հետ հարցազրույցում:
Միաժամանակ, Քիսինջերն ընդգծել է, այժմ հիմնական հարցը հակամարտությանը վերջ տալն է։ Ըստ քաղաքագետի՝ հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի կարգավորումն առաջին հերթին բխում է Արևմուտքի շահերից։ Հակառակ դեպքում, պարզաբանել է նա, Եվրոպան չի կարողանա կանխել Մոսկվայի վրա չինական ազդեցության ուժեղացումը։
Քիսինջերն ավելի վաղ նշել էր, որ արևմտյան երկրները չպետք է Մոսկվային «մղեն» Պեկինի հետ մշտական ​​դաշինքի։ Նա եվրոպական երկրներին հորդորել է դիտարկել ավելի լայն պատկեր և հիշել, որ Ռուսաստանը 400 տարի Եվրոպայի անբաժանելի մասն է եղել։
Քիսինջերը նաև հայտարարել էր, որ կողմերի միջև բանակցությունները պետք է վերսկսվեն առաջիկա երկու ամսում, հակառակ դեպքում, ըստ դիվանագետի, «ցնցումներ կսկսվեն», «լարվածություն կստեղծվի, որը հաղթահարելը հեշտ չի լինի»։

Միաժամանակ նախկին պետքարտուղարը Կիևին կոչ է արել գնալ տարածքային զիջումների։ Նրա կարծիքով՝ իդեալական տարբերակն այն է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան վերադառնան նախկին վիճակին, հակառակ դեպքում Եվրոպայում անկայունության հսկայական օջախ կառաջանա։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, սակայն, քննադատել է այդ առաջարկը: