Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային և Մոլդովային

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային և Մոլդովային



Եվրախորհրդարանն աջակցել է բանաձևին, որով կոչ է արվում Ուկրաինային և Մոլդովային տրամադրել ԵՄ թեկնածուի կարգավիճակ, ինչպես նաև շարունակել աշխատանքը Վրաստանին նման կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ՝ գրում է РИА Новости-ն։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 529 խորհրդարանական, դեմ՝ 45, ձեռնպահ՝ 14։
Հունիսի 17-ին էլ Եվրահանձնաժողովն էր առաջարկել Ուկրաինային և Մոլդովային տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, միաժամանակ հորդորել էր Վրաստանին առայժմ նման կարգավիճակ չտալ։
Հարցի վերաբերյալ վերջնական որոշումը Եվրամիության ղեկավարները կընդունեն հունիսի 23-24-ը Մադրիդում ընթացող գագաթնաժողովում։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը որոշել է մխիթարել Թբիլիսիին և կոչ է արել Վրաստանի իշխանություններին՝ «բացասաբար չդիտարկել» երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավոր մերժումը։
«Վրաստանն այժմ ունի հստակ ճանապարհ, որը պետք է անցնի, խնդիրներ, որոնք պետք է ավարտին հասցվեն, կա ժամանակացույց»,- ասել է Բորելը ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին էլ հայտարարել է, որ Վրաստանի՝ ԵՄ ինտեգրմանը խանգարել է Կիևը: Ըստ վարչապետի՝ Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ԱՄՆ-ում և Եվրոպայում անձամբ է պահանջել, որ Վրաստանին չտրամադրեն Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ՝ պատաճառաբանելով, որ Թբիլիսին խախտում է հակառուսական պատժամիջոցները: