Թեքսասի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, հայտնում է Asbarez-ը։ Այսպիսով Թեքսասը դարձավ ԱՄՆ 46-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Ավելի վաղ, 2015-ին, Թեքսասում մերժվել էին մի շարք հակահայկական բանաձեւեր, նաեւ ընդունվել էր հայտարարություն նահանգի այն բնակիչների ավանդի ճանաչման մասին, որոնք աջակցել են Մերձավոր արեւելքի օգնության կոմիտեին, որն օգնում էր Օսմանյան կայսրությունում տուժած արաբներին, ասորիներին, հույներին, արամեցիներին, նաեւ փրկել էր 132 հազար հայ որբերի։
Բանաձեւը համատեղ կազմել էին երկու կուսակցություններից նահանգի ավելի քան 50 կոնգրեսականներ։ Տեքստում ասվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը սկսել է սիստեմատիկ ոչնչացնել հայ բնակչությունը, որը այն ժամանակ կայսրության սահմաններում ավելի քան 2 միլիոն էր կազմում։ Զոհվել է 1․5 միլիոն հայ։ Այսօր Հայաստանում ապրում է ընդամենը մոտ 3 մլն հայ, իսկ Հայաստանի ներկա տարածքը հայերի պատմական հայրենիքի 10 տոկոսից էլ քիչ է կազմում։ Իսկ հայկական սփյուռքը կազմում է 8-10 մլն մարդ, աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում։
Ավելի վաղ, 2017-ի ապրիլին, Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը (բայց նահանգի օրենսդիր ժողովը դեռ չի ընդունել բանաձեւը)։ Այսպիսով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթղթեր դեռ չեն ընդունել Վայոմինգ, Այովա, Ինդիանա, Ալաբամա ու Միսիսիպի նահանգների օրենսդիրները։