Ջիվանու տուն-թանգարանը, ընդլայնելով իր գործունեության շրջանակները, հոգ է տանում նաև Ջավախքի համայնքային կյանքի ակտիվացման և փոքրիկ ջավախքցիների անհոգ ու երջանիկ մանկության մասին:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տուն-թանգարանի գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանի նախաձեռնությամբ Ջավախքի Կարծախ գյուղում փոքրիկների և նրանց ծնողների համար կազմակերպվեց միջոցառում, որի իրականացմանն աջակցեց նաև Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը: Միջոցառման կազմակերպման մեջ իր մասնակցությունն ունեցավ նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:
Այդ օրը Կարծախ գյուղում առավոտից տիրում էր տոնական տրամադրություն: Փոքրիկների օրը սկսվեց Սուրբ Կարապետ Հովհաննես եկեղեցում, որտեղ տեղի ունեցավ փոքրիկների օրհնության կարգ:
Միջոցառումը շարունակվեց Ջիվանու տուն-թանգարանի բակում, որտեղ էլ կարծախցիներին սպասվում էին անակնկալներ. երգ ու պար, սիրված մուլտհերոսներ, կավճանկարչություն: Այս ամենի շնորհիվ մթնոլորտը լցվեց երեխաների խինդ ու ծիծաղով: