Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը Հայաստան կայցելի սեպտեմբերի 15-ին: Այն կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Ըստ խոսնակի՝ այդպիսով կառույցը սկսել է իրականացնել սեպտեմբերի 13-ին գումարված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի պայմանավորվածությունները: Նիստը վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով ՀՀ առաքելություն ուղարկելուն և կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին մանրամասն հաշվետվություն ներկայացնելուն:
Զայնետդինովը տեղեկացրել է, որ առաքելության կազմում կլինեն ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության քարտուղարության աշխատակիցներ են և ՀԱՊԿ միացյալ շտաբի զինվորականներ։