Արցախի բոլոր բնակավայրերում և զորամասերում անցկացվել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ 27.09.2022 . Արցախ

Արցախի բոլոր բնակավայրերում և զորամասերում անցկացվել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ
		27.09.2022 . Արցախ


Սեպտեմբերի 27-ը Արցախի Հանրապետության բոլոր բնակավայրերում և զորամասերում առանձնացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին նվիրված ոգեկոչման արարողություններով, որոնց մասնակցել են նաև ՊԲ զինվորականները՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի գլխավորությամբ:
 
 
ՊԲ բարձրաստիճան զինվորականները՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, զոհվածների հարազատների և մարտական ընկերների հետ, նախ ծաղիկներ են խոնարհել Ազատամարտիկների պուրակում՝ 2020 թվականի աշնանային պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշապատի առջև, որից հետո մասնակցել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Հուշահամալիր մեկնարկած «Անմահների գունդ» խորագրի ներքո անցկացված խորհրդանշական խաչերթին:
 
 
Ժամը 11:00-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվել է լռության րոպե:
 
Այնուհետև Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի օծման ու բացման արարողություն, ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը կատարել է «Լուսո Խորանի» օրհնության կարգ, մատուցել հոգեհանգստյան պատարագ:
 
 
Այնուհետև ներկաները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի ամենաթանկը զոհաբերած հերոսների շիրիմներին: