Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականության դրսևորում էր աննախադեպ ցրտի պայմաններում ԼՂ-ն բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը. Փաշինյան

Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականության դրսևորում էր աննախադեպ ցրտի պայմաններում ԼՂ-ն բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը. Փաշինյան



Արդարացի է Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
«Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը:
Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակավայրեր, թաղամասեր, սպառնալիքներ տեղալով՝ բնակիչներին կոչ էին անում հեռանալ իրենց տներից, ու կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» էին միացնում գերհզոր բարձրախոսներով:
Եվ հիմա այս գործելակերպի հեղինակները ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքը աներկբա է:

Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացումներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ Քաիդային» և «Իսլամական պետությանը»»,- ասաց Փաշինյանը: