ԵՄ տնտեսությունը մտնում է ռեցեսիայի փուլ. եվրահանձնակատար

ԵՄ տնտեսությունը մտնում է ռեցեսիայի փուլ. եվրահանձնակատար


ԵՄ-ն և եվրագոտու երկրները 2022 թ. չորրորդ եռամսյակում և 2023 թ. առաջին եռամսյակում տեխնիկական ռեցեսիայի մեջ կմտնեն: Այդ  մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին Եվրահանձնաժողովի հրապարակած աշնանային կանխատեսման մեջ։

 

Politico պարբերականը նշում է, որ այդ անկումը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով, որոնք սրել են էներգետիկ ճգնաժամը և մեծացրել գնաճը, ինչպես նաև բացասաբար ազդել ֆինանսների և բիզնեսի վստահության վրա: «Էներգիայի աճող գները և մոլեգնող գնաճն այժմ իրենց ազդեցությունն են թողնում, և մեզ շատ դժվարին ժամանակաշրջան է սպասում ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական առումով»,- ասել է տնտեսական հարցերով եվրահանձնակատարը: 

 

Եվրահանձնաժողովը նաև ակնկալում է, որ եվրագոտում գնաճը բարձր կմնա ավելի երկար ժամանակ: Այս տարի՝ 8,5 տոկոս, իսկ 2023-ին՝ 6,1 տոկոս, մինչդեռ նախկինում կանխատեսվում էր, համապատասխանաբար, 7,6 տոկոս և 4 տոկոս գնաճ: Իսկ Եվրոպական միությունում գնաճը կկազմի 9,3 տոկոս: Եվրահանձնաժողովը նաև կանխատեսել է, որ 2023-ին գործազրկությունը կաճի՝ եվրագոտում հասնելով մինչև 7,2 տոկոսի, իսկ ԵՄ-ում՝ 6,5 տոկոսի:

 

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան