Վստահ եմ, որ ԵՄ դիտորդների հետևությունները կլինեն օբյեկտիվ. ՀՀ վարչապետ

Վստահ եմ, որ ԵՄ դիտորդների հետևությունները կլինեն օբյեկտիվ. ՀՀ վարչապետ



Չեմ կարծում, թե դիտորդներն այստեղ են՝ ամեն օր հայտարարություններ անելու համար։ Այդ մասին, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության դիտարկմանը, թե տարածաշրջանում դիտորդական առաքելության ներկայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտումները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարևորում եմ, ուզում եմ բարձր գնահատել ԵՄ դիտորդների ներկայությունը, կարծում եմ, որ նրանք իրենց գործունեության արդյունքում ավելի խոր հետևություններ պիտի անեն, և այդ հետևությունները պիտի փոխանցեն դելիմիտացիայի գործընթացում ներգրավված պաշտոնյաներին և միջազգային հանրությանը: Կարծում եմ և վստահ եմ, որ այդ հետևությունները կլինեն օբյեկտիվ, այսինքն՝ նրանք հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ չեն իրականացնում, նրանց առաքելության էությունն ավելի խորն է. Պրահայի հայտարարության համատեքստում, երբ կա ըստ էության ճանաչված սահման, նրանք պետք է ճշտեն հարաբերություններն այդ ճանաչված սահմանի հետ»,- ասաց վարչապետը։ 
Ինչ վերաբերում է հարևան Իրանի դժգոհությանը Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայության վերաբերյալ, ապա Փաշինյանն ասաց՝ Արևմուտքը ՀՀ-ում միշտ էլ ներկա է եղել:

«Դեսպանատներ կան մեր երկրում, առաքելություններ կան, ներդրումներ կան մեր երկրում։ Այս դիտորդական առաքելության վերաբերյալ ես կարևոր եմ համարել, որ ծագումնաբանությունը ի հայտ գա, թե ինչպես և ինչու է դիտորդական առաքելությունը եկել ՀՀ, և հույս ունեմ, որ մեր պարզաբանումները, տված տեղեկատվությունը բավարար են ԻԻՀ-ի մեր գործընկերների համար։ Բայց ես չեմ կարծում, որ քաղաքացիական առաքելության ներկայությունն Իրանում որևէ անհանգստություն առաջացնում է. համենայն դեպս, ես այդպիսի տպավորություն չստացա։ Կարծում եմ, որ այլ դերակատարների ներկայությունն է անհանգստացնում ԻԻՀ-ին, և այդ դերակատարներն ամենևին էլ ՀՀ տարածքում չեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։