ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ բանակցությունների ընթացքում իր արտաբերած ցանկացած նախադասության ԼՂ իշխանությունը տեղյակ է:
«ԼՂ նախագահի հետ այս ընթացքում մենք տասնյակ հանդիպումներ ենք ունեցել և ունենում, ամեն ինչ չէ, որ լուսաբանում ենք: Ուզում եմ մի շատ կարևոր արձանագրում անել` 2018 թ.-ից որևէ բանակցության մեջ իմ արտասանած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ: Սրանում չափազանցություն չկա: Բանակցությունների պրոցեսում իմ արտաբերած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` յուրաքանչյուր բանակցությունից առաջ ու հետո իրենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկում են ունենում:
«Ավելին, երբ ապրիլին ես ելույթ ունեցա ԱԺ-ում, ինքս առաջարկեցի, որ ԼՂ-ից ներկայացուցչական պատվիրակություն գա, և մենք քննարկում ունենանք: Այն ժամանակ ԼՂ իշխանությունները որոշեցին, որ պատվիրակություն չի գա, կգան Արայիկ Հարությունյանը և Վիտալի Բալասանյանը, և ես նրանց հետ քննարկում կունենամ: Ինչ ես եմ փոխանցում Արայիկ Հարությունյանին, նա էլ փոխանցում է ԼՂ քաղաքական վերնախավին: Մենք խոսակցություն ենք ունեցել և արձանագրել ենք, որ մեր ռազմավարությունների և պատկերացումների մասին ունենք ընդհանուր ըմբռնում»,- նշեց վարչապետը: