Մակրոնը վերահաստատել է ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամությունը

Մակրոնը վերահաստատել է ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամությունը



Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից, կողմերը մտքերի փոխանակության ընթացքում նշել են, որ ցանկանում են հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած գագաթնաժողովից հետո պահպանել սերտ համակարգումը:
Մակրոնը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող ազդեցությունը։ Առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել է պրահյան գագաթնաժողովում:
Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի լիարժեք պատրաստակամությունը` աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և հասնել տարածաշրջանում քաղաքական այնպիսի որոշման, որը թույլ կտա կառուցել ամուր հիմքով խաղաղություն:

Ելիսեյան պալատի հաղորդագրությունը նշում է, որ նոյեմբերի 19-ին Թունիսում` Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Մակրոնը հնարավորություն կունենա նաև հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: