Պահպանվել է դեմոկրատների վերահսկողությունն ԱՄՆ ՍԵնատում

Պահպանվել է դեմոկրատների վերահսկողությունն ԱՄՆ ՍԵնատում



Դեմոկրատները պահպանել են վերահսկողությունը Միացյալ Նահանգների Սենատում: Նևադա նահանգում միջանկյալ ընտրություններում սենատոր Քեթրին Կորտես Մաստոյի հաղթանակից հետո նրանք ունեն 50 տեղ, իսկ հանրապետականները՝ 49։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ արդյունքներն իրեն լավատեսություն են ներշնչում պաշտոնավարման մնացած ժամանակահատվածի համար: Ջո Բայդենը նշել է, որ անհամբեր սպասում է հաջորդ մի քանի տարվա ընթացքում դեմոկրատների նոր ձեռքբերումներին: Սպիտակ տան առաջնորդի ավագ խորհրդականն էլ երեկ լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Սենատի վերահսկողությունը վճռորոշ է նախագահի օրակարգն առաջ մղելու համար։ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն էլ կարծիք է հայտնել, որ ընտրությունները մեծ հաղթանակ են ամերիկացի ժողովրդի համար:
Փորձագետները կարծում են, որ հանրապետականները դեռ կարող են վերահսկել Ներկայացուցիչների պալատը: Այնուամենայնիվ, շատերի կարծիքով՝ Սենատի վերահսկողությունը դեմոկրատներին  հնարավորություն է տալիս կասեցնել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն:

Ջորջիան միակ նահանգն է, որտեղ ընտրության արդյունքները դեռ հայտնի չեն։ Այնտեղ դեկտեմբերի 6-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլ, որը, ըստ դիտորդների, չի կարող որոշիչ լինել: Եթե անգամ Ջորջիայում հաղթի հանրապետական թեկնածուն, և Սենատում կուսակցություններից յուրաքանչյուրն  ունենա 50-ական տեղ, քննարկումների ժամանակ որոշիչ ձայնը, ըստ ԱՄՆ Սահմանադրության, կլինի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսինը: