ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջերս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանն առաջարկել է մտածել Ռուսաստանի հետ բանակցություններում իրատեսական դիրքորոշման մասին։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով դիվանագետներին։
Աղբյուրների համաձայն՝ Սալիվանը Զելենսկու թիմին խորհուրդ է տվել բաց լինել երկխոսության հարցում, մտածել բանակցություններում իրատեսական պահանջների և առաջնահերթությունների, այդ թվում՝ Ղրիմի նկատմամբ հսկողությունը վերականգնելու նպատակի մասին հայտարարությունների շուրջ:
Ըստ Wall Street Journal-ի՝ ԱՄՆ-ում ավելանում է այն պաշտոնյաների թիվը, որոնք կարծում են, որ գալիք շաբաթներն ու ամիսները Ռուսաստանի և Ուկրաինայի համար հարմար ժամանակ են քննարկելու հնարավոր բանակցությունները։ ԱՄՆ-ն վստահ է, որ ձմեռը բեկումնային կլինի հակամարտության հարցում։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայում հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերը: