Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։
Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նախագահի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումին մասնակցությունը՝ բարձր գնահատելով վերջինիս ներդրումը մարդու իրավունքերի պաշտպանության գործում:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, ամենաակտիվ կերպով ներգրավված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են վերջին երեք տարիներին Հայաստանի՝ ՄԻԽ-ում ծավալած գործունեությանը, ինչպես նաև գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ համագործակցությունը, այդ թվում նաև մարդու իրավունքների ոլորտում։
Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանմանն ուղղված քայլերի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգները:
Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանն ուղղված մոտեցումները տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խաթարող հիմնական գործոններն են: