ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Զելենսկին հայտնել է, որ Բայդենի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ Կիևի առաջարկները, և որ ԱՄՆ ղեկավարը աջակցություն է հայտնել այդ առաջարկները քննարկելու համար գագաթնաժողով անցկացնելու իր գաղափարին:
«Մեր «խաղաղության բանաձևը» բաղկացած է 10 կետից, որոնք պետք է կյանքի կոչվեն մեր համատեղ անվտանգության համար: Եվ գագաթնաժողով, որը կարող է անցկացվել։ Ես ուրախ եմ, որ նախագահ Բայդենն այսօր աջակցեց մեր խաղաղ նախաձեռնությանը»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
Միևնույն ժամանակ Զելենսկին հայտնել է, որ պատրաստ չէ որևէ փոխզիջման, որը վերաբերում է երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան, ի տարբերություն Ռուսաստանի, պատրաստակամ է հասնելու «արդար խաղաղության»: Նա մտադրություն է հայտնել մոտ ապագայում Ուկրաինային տասնյակ միլիարդավոր դոլարների օգնության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ ստորագրել։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային ևս 1.8 միլարդ դոլարի ռազմական աջակցության փաթեթը, որը ներառում է նաև Patriot ՀՕՊ համակարգեր:
ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Patriot-ների տրամադրումն Ուկրաինային Մոսկվան կհամարի սադրիչ քայլ և օրինական թիրախ ՌԴ ԶՈՒ համար: «Դա սադրանք չէ, այլ պաշտպանական համակարգ»,- արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հաղորդում է AP գործակալությունը:
Բայդենի հետ հանդիպելուց հետո Զելենսկին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր ամերիկացիներին՝ Ուկրաինային տրամադրած յուրաքանչյուր ցենտի համար, և ասել, որ այդ գումարը բարեգործություն չէ: «Դա ներդրում է համընդհանուր խաղաղության մեջ»,- նշել է Զելենսկին: Կոնգրեսում Ուկրաինայի նախագահի ելույթն արժանացել է հոտնկայս բուռն ծափահարությունների: