Հոլանդահայ կազմակերպությունների դաշնությունը խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ

Հոլանդահայ կազմակերպությունների դաշնությունը խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ



«Հոլանդահայ կազմակերպությունների դաշնությունը (FAON) այսօր եռօրյա լուռ բողոքի ակցիա է սկսել Նիդերլանդների խորհրդարանի դիմաց` քաղաքական և հասարակական ուժերի ուշադրությունը հրավիրելու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, որն առաջացել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի դաժան ռեժիմի կողմից իրականացված Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։
Այսօր լուռ բողոքի ակցիայի ընթացքում Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության  ներկայացուցիչներին ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուդմեր Հեերեման՝ հանձնաժողովի մեծ թվով անդամների ներկայությամբ։ FAON-ը հանձնաժողովի նախագահին է հանձնել 10 կետից բաղկացած խնդրագիր, որում նշված են այն հրատապ քայլերը, որոնք պետք է ձեռնարկել Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը մեղմելու և Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն ապաշրջափակելու համար։
FAON-ի պատվիրակությունը հատկապես ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Արցախում տիրող մարդասիրական սարսափելի վիճակի վրա և գտնել պայքարի ուղիներ Արցախի բնիկ հայ ազգաբնակչության դեմ ուղղված Ադրբեջանի սպառնացող գործողությունների դեմ, որոնք միտված են իրագործել էթնիկ զտումներ, ինչպես խոստովանել է Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Հոլանդահայ կազմակերպությունների դաշնությունը իր երախտագիտությունն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի անդամներին, որոնք ներկա են եղել հանդիպմանը: Կազմակերպությունն անհամբերությամբ սպասում է և հունվարի 19-ի խորհրդարանական բանավեճին, որի ժամանակ կքննարկվեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար անհրաժեշտ հրատապ գործողությունները, և հաջորդ շաբաթ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որի օրակարգում ներառված է նաև այս հարցը: