Սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի մասին 18.01.2023 . Արցախ

Սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի մասին
		18.01.2023 . Արցախ


Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ ոչ կառուցողական է խաղաղության գործընթացում, պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո մենք չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները: Միևնույն ժամանակ, մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին: Այժմ սպասում ենք նրանց արձագանքին: Որպես կանոն՝ մինչ այժմ այդպես է ընթացել գործընթացը: Նախագծի շուրջ լինում են ադրբեջանական, այնուհետև հայկական, այնուհետև ադրբեջանական առաջարկները, ենթադրաբար մինչև այն պահը, երբ ամբողջությամբ համաձայնեցված տեքստ հնարավոր կլինի ունենալ:

Ահա, մենք մեր առաջարկները և դրանց կից հիմնավորումները ուղարկել ենք ադրբեջանական կողմին, մեկ ամիս է, որ որևէ արձագանք չունենք»,- ասաց նա:

Նախարարը շեշտեց, որ ադրբեջանական կողմն է դադարեցրել պայմանագրի տեքստի քննարկումները:

«Զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողությունները Լաչինի միջանցքում, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտումները»,- ասաց Միրզոյանը: