Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար. Փաշինյան

Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար. Փաշինյան


Ադրբեջանի նախագահի հայտարարություններին իմ վերջին ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձել եմ, կարծում եմ, որ այդ հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն. դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն, և նաև այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունություն որոշակի գործոն հանդիսանա: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք շատ հստակ ենք հայտարարում, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, և այդ հայտարարությունները, ըստ էության, հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին: Միջազգային հանրության ընկալումը կարծես թե մեծանում է. ինչո՞ւ. որովհետև մարդկանց համար ակնհայտ է դառնում, որ Լաչինի միջանցքի մասով  այդ հայտարարություններն ուղիղ խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այսինքն՝ այս իրավիճակներն են, որ կարծում եմ՝ պետք է այդ առումով մեծացնեն միջազգային հանրության ընկալումը, իսկ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային և քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է, և ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունը և պատասխանատվությունը, նույն կերպ պատրաստ ենք նաև շարունակել:
Ակնհայտ է, և միջազգային հանրությունն էլ դա արձանագրում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար:
Բայց հարց. իսկ ո՞վ է ասել, որ դա չէ Ադրբեջանի ուզածը, իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ հեռահար նպատակը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով ընդհանրապես և մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով՝ ամբողջությամբ վիժեցնել խաղաղության գործընթացը:

Դրա համար մենք մեր վերաբերմունքի բանաձևը, մեթոդը պետք է չփոխենք, և ես ավելի եմ համոզվում այդ մեթոդի ճշմարտության մեջ. մեր արձագանքը այդ ամեն ինչին պետք է լինի ասիմետրիկ. ո՞րն է ասիմետրիկ արձագանքը. նախ՝ ակտիվ միջազգային դիվանագիտությունը և երկրի ներսում ինստիտուցիոնալ կարողությունների, պետական ինստիտուտների ավելի հզորացումը, կայացումը, բարեփոխումների օրակարգից չշեղվելը, խաղաղության օրակարգից չշեղվելը և չհրաժարվելը՝ դա պետք  լինի մեր արձագանքը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: