Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդ՝ ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 64 հիվանդ։