ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի նախագիծ է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի նախագիծ է ներկայացվել



ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Գաս Բիլիրակիսը, Դևիդ Վալադաոն և 61 այլ կոնգրեսականներ ԱՄՆ Կոնգրեսին են ներկայացրել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել շարունակվող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար:
«Այսօր մենք միասնական ենք՝ Ադրբեջանին կոչ անելու՝ վերջ դնել միջազգային հումանիտար ճգնաժամին։ Ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն անհապաղ քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդին պաշտպանելու համար, քանի դեռ շատ ուշ չէ»,- նշել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
Ադամ Շիֆն իր հերթին նշել է, որ Բաքվի գործողությունների դատապարտումը պետք է լինի միայն սկիզբը և ազդարարի Ադրբեջանին օգնության ավարտի մասին։ «Ես մշտապես սատարելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդին և կոչ եմ անում Միացյալ Նահանգների նախագահին՝ օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները՝ տարածաշրջանում աճող ճգնաժամի պայմաններում Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է կոնգրեսականը:

Բրեդ Շերմանն իր հերթին ընդգծել է. «Ադրբեջանը փորձում է ստիպել Արցախի էթնիկ հայ բնակչությանը լքել իրենց տները՝ անհնարին դարձնելով կյանքն Արցախում»: