Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյան

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյան

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի և հրավիրյալ պատգամավորների, քաղաքական և հասարակական գործիչների հետ:
Հանդիպումը մեկնարկել է հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարևորել է Հայաստանի հետ հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները: Դրան հաջորդած ՀՀ ԱԺ նախագահի ելույթը նվիրված է եղել ժողովրդավարական արժեքների պահպանմանն ու մարդու իրավունքների և ազատությունների ուղղությամբ տարվելիք անհրաժեշտ քայլերին: Դիմելով ներկաներին՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը, լինելով ժողովրդավարական արժեքներ կրող, հավատում է, որ ազատությունն ու պատասխանատվությունը բաց և ժողովրդավարական հասարակության նախադրյալներն են:
«Ժողովրդավարական հասարակության մասնիկն ենք նաև մենք՝ խորհրդարանականներս՝ ազատ խոսքը կրողներս: Ժամանակակից աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն արտաքին քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Մեծ է նաև նրա դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նա՝ հավելելով, որ մեր երկիրն աջակցում է հիմնադրամի որդեգրած արժեքներին՝ անձնական, ընտրության, տնտեսական ազատությանը և իրավունքի գերակայությանը:
Խոսելով 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ստանձնած առաքելությունից՝ ԱԺ նախագահը նշել է, որ հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, մի միջավայրում, ուր մեզ համար այլևս անվտանգ չէ: Ալեն Սիմոնյանը մասնավորեցրել է 44-օրյա պատերազմին և դրան հաջորդող իրադարձություններին վերաբերող որոշ կարևոր դրվագներ՝ ընդգծելով Հայաստանի և արցախահայության շուրջ կործանարար զարգացումների առկայությունը:
ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի կողմից և մեծ թափով շարունակվում է անարգվել մինչ օրս:
«Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ: Ադրբեջանի այս գործողությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշմանն Ադրբեջանը չի ենթարկվում. մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղում զոհվել է երեք քաղաքացի: Նա նշել է, որ Նաումանի հիմնադրամի քննարկումից ժամեր առաջ ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող հայերի ուղղությամբ:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ: Եզրափակելով խոսքը՝ նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:

ՀՀ ԱԺ նախագահի ելույթին հաջորդել են մասնակիցների հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը, միջազգային հանրության կողմից Հայաստանին և արցախահայությանը տրվող հասցեական գնահատականներին և աջակցությանը, Հայաստան-սփյուռք կապերին և հայաստանյան հասարակության տրամադրվածությանն իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ցուցաբերած հետաքրքրությանը: Գերմանացի գործընկերներին, մասնավորապես, հետաքրքրել են հայաստանյան բարեփոխումների ընթացքը և դրանց շոշափելիության վերաբերյալ համաժողովրդական տրամադրությունները:
Հանդիպման ավարտին հիմնադրամի ղեկավար կազմը վերահաստատել է իր պատրաստակամությունը երիտասարդ, բայց հաստատուն ժողովրդավարություն ունեցող Հայաստանին աջակցելու մասին: