Գալուզինը՝ ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության մասին

Գալուզինը՝ ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության մասին



ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գալուզինը RTV-ի հետ հարցազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության՝ Հայաստանի տարածքում տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով:
«Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած մշտական ​​խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ իրագործելու հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագրերը՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ օգնության միջոցները, որոնք ամրագրված են Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագծում: Դրան պատրաստ ենք այնքան, որքան Հայաստանը»,- ասել է պաշտոնյան։
Գալուզինը չի բացառել, որ ՀԱՊԿ-ի ներսում առկա են «դժվարություններ», որոնք բնորոշ են միջազգային բոլոր կառույցներին, քանի որ նրանք գործնական աշխատանք են կատարում՝ ելնելով իրենց բոլոր անդամների շահերից:
«Այսօրվա դրությամբ կազմակերպությունը սկսել է իր երկրների ղեկավարների 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման ինտենսիվ գործընթացը։ Հիմնականում Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հետ մղելու՝ ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու հարցում: Ցանկանում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի»։
«Այժմ ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում մայիս-հունիս ամիսներին նախատեսված արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերի համար։ Օրակարգը շատ հագեցած է, ինչը վկայում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման հարցերի լուծման գործում կազմակերպության մեծ պահանջարկի մասին»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության ամրապնդման այս և այլ հարցեր շահագրգիռ քննարկման առարկա են դարձել 2023 թ. մարտի 20-ին արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում։