Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Ռուսաստանին կոչ է արել չմիջամտել ընտրություններին

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Ռուսաստանին կոչ է արել չմիջամտել ընտրություններին



Թուրքիայի նախագահի միակ ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում ռուսերեն գրառում է կատարել, որում կոչ է արել Ռուսաստանին չմիջամտել մայիսի 14-ին հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։
«Հարգելի ռուս բարեկամներ, եթե ցանկանում եք, որ մեր բարեկամությունը շարունակվի մայիսի 15-ից հետո, ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից։ Մենք նախկինի պես կողմնակից ենք Ռուսաստանի հետ համագործակցությանն ու բարեկամությանը»,- գրել է  Քըլըչդարօղլուն:
Միաժամանակ նա պնդել է, որ Ռուսաստանն իբր կանգնած է որոշ «մոնտաժների, դավադրությունների և ձայնագրությունների» հետևում, որոնք նախկինում բացահայտվել են Թուրքիայում։ Սակայն ընդդիմադիր գործիչը որևէ բացատրություն կամ ապացույց չի ներկայացրել, թե ինչ նկատի ունի։
Թուրքիայի քաղաքական շրջանակների աղբյուրը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ Քըլըչդարօղլուի օգտահաշիվը կարող է կոտրված լինել։
Աղբյուրը նաև չի բացառել, որ հինգշաբթի նախագահական քարոզարշավին հետագա մասնակցությունից հրաժարվելու մասին «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեի հայտարարությունը կապված է նրա մասնակցությամբ սադրիչ տեսանյութերի ի հայտ գալու հետ:
Sözcü թերթը հինգշաբթի, վկայակոչելով Քըլըչդարօղլուի նախընտրական շտաբի ղեկավարին, հաստատել է, որ ՌԴ կառավարության կողմից վերահսկվող ինչ-որ հաքերներ միջամտում են Թուրքիայում ընտրական գործընթացին: Ընդ որում, չի հստակեցվում, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Ռուսաստանում այդ պնդումները նախկինում մերժվել են։

Իր հերթին Թուրքիայի իշխանությունները, ի դեմս երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրել են Թուրքիայում ընտրական գործընթացին միջամտելու համար։ Նախագահական ընտրարշավին մասնակցելուց «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեի հրաժարականն էլ նրանք համարում են Վաշինգտոնի միջամտությունը: