Շատ մեծ է հավանականությունը, որ այս տարի մենք Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրենք։ Այս մասին մայիսի 12-ին Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նա ասել է, որ նույնիսկ ժամանակավոր համաձայնագիրը, որը գործում է ավելի քան երկու տարի, գրեթե կրկնապատկել է առևտուրը։ «Մենք նախատեսում ենք համաձայնագրի ստորագրումից հետո 5-7 տարում առևտուրը ներկայիս 6 միլիարդ դոլարից հասցնել 20 միլիարդի»,- ընդգծել է Սլեպնևը։ Նրա խոսքով՝ Իրանը շատ լուրջ գործընկեր է, մեծ երկիր։
«Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ այս տարի Հնդկաստանի հետ բանակցությունները կմտնեն ակտիվ փուլ, կան համապատասխան ազդակներ։ Դա արտացոլում է Հյուսիս-հարավ տնտեսական միջանցքի զարգացման ընդհանուր շահերը՝ մեր միության, Իրանի, Կովկասյան հանրապետությունների, Հնդկաստանի, ԱՄԷ-ի մասնակցությամբ»,- ասել է նախարարը։
Նա հայտնել է, որ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ են սկսվել նաև Ինդոնեզիայի հետ։