ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ. Բլինքեն

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական համալիրի, ինչպես նաև հանքարդյունաբերության, տեխնոլոգիայի և մետալուրգիական ոլորտների դեմ: Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ընդլայնման մասին նշվում է  ԱՄՆ գանձապետարանի կայքում:

 

Բլինքենը նաև նշել է, որ ավելի քան 200 ֆիզիկական և իրավաբանական անձ, ինչպես նաև նավեր և ինքնաթիռներ, հայտնվել են ամերիկյան նոր սահմանափակումների կամ սեփականության արգելանքի տակ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին։

 

Մինչ այս ԱՄՆ առևտրի նախարարությունը Ռուսաստան և Բելառուս ներմուծման սահմանափակումներ էր սահմանել ընդհանուր առմամբ 1224 ապրանքատեսակների համար։ Վաշինգտոնը պարզաբանել է, որ պատժամիջոցների ընդլայնմամբ մատակարարները չեն կարողանա ամերիկյան ապրանքներ ուղարկել իրավաբանական անձանց՝ առանց նախապես հատուկ լիցենզիա ստանալու։

 

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան