Յովհաննէս Մալխասեանի դիմումը Մատթէոս Բ. Կաթողիկոսին՝ Ջաւախքում հոգևոր թեմ հիմնելու մասին.
4 յուլիսի 1910թ.
Թիֆլիս
Նորին Վեհափառութեան Տ. Տ. Մատթէոս Բ. սրբազնագոյն կաթողիկոսի ամենայն Հայոց
Վեհափառ Հայր
1909թ. օգոստոս ամսին, երբ բաղդ ունեցայ Ձերդ Օծութեան ներկայանալ՝ բանաւոր կերպով նկարագրեցի Ջաւախէթի հայյ ժողովրդի խիստ աննախանձ վիճակը թէ՛ տնտեսական և թէ՛ կրթական տեսակէտից, այդ բոլորը վերագրելով այն բանին, որ այդ գաւառում դպրոցներ չկան. իսկ դպրոցներ չկան նրա համար, որովհետև մինչ օրս մի հոգացող ձեռք չէ եղել այդ խաւարի մէջ նստած ժողովրդի համար. ապա գրաւոր զեկուցում ներկայացնելով Ձերդ Վեհափառութեան՝ որդիական ակնածութեամբ խնդրել էի, որ Ջաւախէթի համար Ախալքալակում հիմնուի հոգևոր կառավարութիւն, որպէս զի սա կարողանայ լրացնել այն մեծ պակասը, որ զգալի է այսօր թէ դպրոցներ չլինելու և հոգևոր գործերը կառավարելու վերաբերմամբ. իսկ եթէ ինչ-ինչ պատճառներով առ այժմ հոգևոր կառավարութեան այնտեղ հիմնելը դժուար է և յապաղելի՝ այն ատէն՝ առ ժամանակ նշանակել մի վարդապետ գործակալի պաշտօնով, պարտաւորութիւն դնելով նրա վրայ, որ հոգատար լինի դպրոցներ բաց անելու:
Ջաւախէթի մօտ 70 հայաբնակ գիւղերը գրեթէ մինչ օրս ոչ մի կանոնաւոր դպրոց չունին, ուր նրանց մանուկ սերունդ կրթուէր:
Վեհափառ Տէր, ներեցէք, որ համարձակւում եմ 10 ամիս [առաջ] արած խնդիրս նորից կրկնել, և խնդրել, որ Ձեր այժմեան ներկայութեամբ և թեմիս Գերապատիւ առաջնորդի միջնորդութեամբ այյդ հարցին դրական լուծում տաք:
Ի համբոյր մատչելով ս. Աջիդ մնամ ամենախոնարհ որդի՝ Յովհաննէս Մալխասեան:
ՀԱԱ, ֆ. 57, ց. 2, գ. 899, թ. 4, բնագիր, ձեռագիր: