Հայոց բանակի օրը յուրովի տոնական դարձավ թբիլիսահայ համայնքի համար: 2017 թվականի հունվարի 28-ին հայ մտավորականները, համայնքային գործիչները և թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների և Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներաներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին: Հայոց պետականության բացակայության պայմաններում երբեմնի Թիֆլիսի հայ զինվորականության աստղաբույլի ներկայացուցիչները ոչ միայն իրենց ծառայությունն էին մատուցում Ռուսական կայսրությանը, այլև ռուս-թուրքական պատերազմների ընթացքում մասնակցում էին հինավուրց հայկական բնակավայրերի ազատագրությանը և օժանդակում հայությանը: Այդ զինվորականության ներկայացուցիչները պատեհ պահին ընդգրկվեցին հայկական առաջին հանրապետության ԶՈՒ սպայակազմում և պատմական հաղթանակներ պարգևեցին հայրենիքին:
Հիշատակի խնկարկումը շարունակվեց Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ ներկաները մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին բոլոր ժամանակներում և տարբեր երկրներում նահատակված հայ զինվորների հիշատակին: Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, տարածվեց խնկաբույրը:
Վիրահայոց թեմի առաջնորդն ի խորոց սրտի խոսք ասաց օրվա խորհրդի մասին, վերհիշեց, որ երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի գավազանակիրը լինելով, Հայոց կաթողիկոսի հետ Երևանում, Հանրապետության հրապարակում մասնակցել է վերակազմավորված հայոց բանակի առաջին շքերթին: Սրբազան Հայրը նաև ընդգծեց երջանկահիշատակ Վազգեն Առաջին և Գարեգին Առաջին կաթողիկոսների ներդրումը Հայոց բանակի կայացման գործում: Նշեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրոք, կարևորվում է հատկապես բանակում հոգևոր սպասավորների ծառայության դերակատարությունը և շարունակվում է նախորդ կաթողիկոսների ավանդությունը բանակաշինության գործում:
Հայոց բանակի պանծալի տարեդարձը հանդիսությամբ նշվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Տոնահանդեսին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, Թեմի հոգևոր դասը,պաշտոնեությունը, հասարակայնության ներկայացուցիչներ:
Հանդիսությունը մեկնարկեց տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայության ժամանակ զոհվածների, ի մասնավորի ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների հիշատակը: Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը շնորհավորեց ներկաներին Հայոց բանակի տոնի կապակցությամբ և վարեց տոնահանդեսը: Հայոց Զինված ուժերի վերակազմավորման ուղուն յուրովի անդրադարձ էր Անկախ Հայաստանի Հանրապետության քաջարի բանակի 25-ամյակին նվիրված տեսաֆիլմի ցուցադրությունը:
Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը, թերթելով հազարամյակների փառավոր ուղի անցած Հայոց բանակի տարեգրությունը, կարևորեց պետականության գործոնը, որի կորուստը պարբերաբար եղել է բանակի լուծարման պատճառ: Բանախոսը հիշեց անկախության հռչակումից հետո կենաց և մահու այն ժամանակաշրջանը,երբ դրվեց բանակի ստեղծման հիմքը, արժևորեց հայ զինվորների ծառայությունը, որոնք անձնվիրաբար պահպանում են երկրի սահմանները, ապահովում ազգի և հայրենիքի անդորրը:
Օրհնության և գնահատանքի խոսքով միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Միջոցառումը հիրավի տոնական դարձավ Հայոց բանակին, հայ զինվորին և Հայաստանին նվիրված համերգով, որին մասնակցեցին մենակատարներ Աննա Բադալյանը, Նինա Կարապետյանը, Անի Հովհաննիսյանը, Հենրիխ Պետրոսյանը և «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը: Համայն հայության հպարտություն հզոր, կուռ և մարտունակ հայոց բանակին նվիրվեց «Հայաստան» երգի միասնական կատարումը, որը հնչեց որպես հաղթանակների ու վերածննդի մարմնավորում:
Վիրահայոց թեմի մամլո ծառայություն