ՆԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում

ՆԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։ 
Ողջունելով հյուրին` նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, կարևորել երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականի հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
Նախարար Վահե Ղազարյանը հատկապես ընդգծել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Նաև կարևորել է երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների փոխգործակցությունը՝ հետախուզվողների հայտնաբերման, կիբեռհանցավորության, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և այլ ուղղություններով:

Նշելով, որ ավարտվում է դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նրա անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբաս Բադախշան Զոհուրին բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի՝ ավանդույթներ ունեցող բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը։
Քննարկվել են երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։