Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշիի շրջանի Հին շեն, Մեծ շեն համայնքներից երթուղային միկրոավտոբուսը բնակիչներ է տեղափոխել Ստեփանակերտ: Պայմանավորվածության համաձայն՝ նրանք կրկին խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են:
Գրիշա Հովհաննիսյան (Շուշիի շրջվարչակազմի ղեկավար) — Պայմանավորվել էինք, որ շաբաթական մեկ-երկու անգամ կազմակերպենք, որ մարդիկ կապը պահեն Ստեփանակերտ մայրաքաղաքի հետ, և դրանով իսկ լուծվում են մի շարք թե՛ անձնական, թե՛ տնտեսական և, ընդհանրապես, բարոյական հարցեր: Այսինքն՝ և բժշկի խորհուրդ իմանալու, և անձնական հիգիենայի պարագաներ գնելու, թոշակների, աշխատավարձերի ստացման առումով. գիտեք, որ այնտեղ բանկոմատ չկա:
Հովհաննիսյանի խոսքով՝ այս ուղևորափոխադրումներն անհրաժեշտ են, քանի որ այդ համայնքներն ապրում են ադրբեջանական ուժերի կրկնակի շրջափակման պայմաններում՝ Հակարիի կամուրջը փակ է, Շուշիի խաչմերուկից դեպի Ստեփանակերտ ճանապարհը` ևս:
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի գնահատմամբ՝ բեռնափոխադրումների բացակայության պայմաններում Շուշիի շրջանի 4 համայնքում հումանիտար վիճակն ավելի ծանր է:
Գուրգեն Ներսիսյան (Արցախի պետական նախարար) — Կարմիր խաչի հետ ունենք պայմանավորվածություն, որպեսզի բնակչության համար կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը սնունդ և դեղորայք ապահովի, բայց բոլոր դեպքերում սրանք ևս ենթադրում են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, և մենք սպասում ենք արդյունքներին:
Բանակցություններն արդյունք տվել են՝ սնունդն ու դեղորայքը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղափոխել է Հին շեն, Մեծ շեն, Լիսագոր և Եղցահող համայնքներ, տեղեկացրել են Արցախի կառավարությունից: Ռուս խաղաղապահների միջնորդությունն են ակնկալում նաև բերքահավաքի և կերակուտակման աշախատանքների ընթացքում:
Գրիշա Հովհաննիսյան — Քանի որ սահմանամերձ խոտհարքերի երկայնքով տեղակայված են ադրբեջանական հենակետերը, որոնք մեծ խոչընդոտ են հանդիսանալու կերակուտակման աշխատանքների ժամանակ: Հուսով ենք, որ կկարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել ռուս խաղաղապահների հետ, որպեսզի ուղեկալների միջոցով կարողանանք խոտհունձը կազմակերպել:
Շուշիի շրջանի համայնքներում պարբերաբար ջրամատակարարման խնդիրներ են առաջանում հատկապես ձմռանը: Դիմել են կառավարությանը, որ հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկեն: