Միքայել Վոլոդիայի Ավագյանը

Միքայել Վոլոդիայի Ավագյանը

Միքայել Վոլոդիայի Ավագյանը ծնվել է 1957թ. Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում: Ավարտել է տեղի ութամյա դպրոցը, ապա` Հրազդանի պրոֆտեխուսումնարանը: 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո սովորել է Սվերդլովսկի ներքին գործերի բարձրագույն ուսումնարանում: 1990թ. կամովին զինվորագրվել է: 1993թ. ապրիլին նա ծառայության է անցնում հարավային զորամասերից մեկում՝ որպես հետախուզական ջոկատի հրամանատար:

Ուր էլ որ եղել է Միքայելը, հոգում միշտ վառ է եղել հայրենի Ջավախքի հանդեպ ունեցած սերն ու կարոտը: Մաքուր ու պարզ հոգի ուներ, աչքի էր ընկնում կոփվածությամբ ու ճարպկությամբ: Հայտնի բան է` թշնամուն հաղթելու համար պետք է իմանալ նրա լեզուն: Տիրապետելով թուրքերենին` Միքայելը մի քանի անգամ մտել է թշնամու դիրքերը և իմացել կարևոր տեղեկություններ: Ջավախքցի քաջորդին մասնակցել է Ֆիզուլու, Քելբաջարի, Հադրութի, Մարտունու և Հորադիզի ճակատամարտերին, աչքի ընկել իր խիզախությամբ, հասել կապիտանի կոչման: 1994 թ. մարտին Հորադիզում կամրջի գրավման համար մարտեր են մղվում: Միքայելն է գնում հետախուզության: Այդ դժվարին առաջադրանքն իրականացնելիս` նրան նկատում են նշանառու վարձկանները և 800մ հեռավորությունից վիրավորում քաջ հետախույզին: Վերքը ծանր էր. մինչև նրան կհասցնեին հիվանդանոց, Միքայելն արնաքամվում է…

Ջավախքն ու Սիսիանը սուգ էին հագել. հայրենի հողին էին հանձնում ազատության համար նահատակված ազատամարտիկի աճյունը: Հայրենի Բուղաշենի դպրոցի բակում քաջ զինվորի հուշարձան-կաթողն է: