Ջավախքի Բուղաշեն գյուղում Արցախյան ազատամարտի նահատակ Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացումը վերջին օրերին ծանր իրողություն և համացանցում քննարկման բուռն թեմա է դարձել: Հարցը վիրտուալ տիրույթից՝ նավթադոլարների դիմաց ծախված վրացական կայքերից, տեղափոխվել է վրաց-ադրբեջանական դիվանագիտական հարթություն, ուր ազերիները պետական մակարդակով վայնասուն են բարձրացրել:
Բուղաշենցիները արժանին են մատուցել իրենց համագյուղացի քաջարի մարտիկին: Միայն այսքանը: Արի ու տես, որ հակաքարոզչությունն, անկախ բովանդակությունից, քաղաքական դաշտում ոչ միայն շրջադարձային, այլև ճակատագրական կարող է լինել: Տակավին վերջերս Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում ղազախի սպանությունը ճակատագրական կարող էր լինել տեղի ողջ հայության համար, քանզի գործի էր դրվել ադրբեջանական ողջ հակաքարոզչության մեքենան: Կարագանդայի հայերին ուղղակի սպառնում էր Սումգայիթի ու Բաքվի հայերի ճակատագիրը: Արյունատենչ նույն ոճրագործի ձեռագիրն է, որը հիստերիայով լեցուն փորձում է հակահայկական տրամադրություն ստեղծել ու ազգամիջյան խռովություն հրահրել Ջավախքում:
Ջավախքցի ազատամարտիկի կիսանդրու վերաբացման շուրջ մեծ աղմուկ են բարձրացրել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Վրաստանի դեսպանին կանչել է պարզաբանումների։ Դրանից բացի Վրաստանի ԱԳՆ է այցելել Վրաստանում Ադրբեջանի դեսպանը և փոխանցել Ադրբեջանի պաշտոնական բողոքի նոտան, թեպետ այս փաստը վրացական կողմը չի հաստատում:
Ջավախքցին այս էլ արդեն քանի տարի է հայացքը հառել է լուռ ու անհաղորդ Հայաստանին:
Հայն աշխարհում ամենուր է, բայց ամենուր էլ նա անտեր է, որովհետև Հայաստանը հայի ինքնության իրավունքը երկրիր սահմաններից դուրս չի պաշտպանել ու չի պաշտպանում: Իսկ ադրբեջանական հակաքարոզչության մեքենան, դիվանագիտական էլիտայի մակարդակով, իր ողջ ներուժն է գործի դրել Վրաստանում հակահայկական տրամադրություն հրահրելու համար, հուսով, որ այն ինչ նրանց չհաջողվեց Կարագանդայում, գուցե հաջողվի Ջավախքում:
ՀՀ նորընտիր կառավարությունն այսօր չունի Սփյուռքի նախարություն, եթե ժամանակին ուներ էլ, ապա չի փայլել իր աշխատանքով, այժմ այն ՀՀ ԱԳՆ-ի ենթակայության տակ է, ու մինչ Հայաստանի ներիշխանական կուլիսներում պաշտոնների բաշխում է. մեր դարավոր «դրացին» հերթական անգամ գայթակղվում է ադրբեջանական նավթադոլլարով: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Թիֆլիսի սրտում Հ. Ալիևի անվան հրապարակ բացել, իսկ ջավախքցին իր հերոսի կիսանդրին չի կարող վերաբացել իր հայրենի հողում:
Ի՞նչ է արել և անում ՀՀ ԱԳՆ-ն, ո՞րն է նրա գործառույթը, դանակը պիտի ոսկորի՞ն հասնի, որ արձագանքի: Ջավախքը որպես բնիկ հայերով բնակեցված շրջան, սփյուռքահայ որևէ գաղթօջախի չափ ուշադրության չի արժանացել: Այսօր Ջավախքը Հայաստանից միայն բարոյական օգնություն է ակնկալում և ուրիշ ոչինչ: ՀՀ ԱԺ-ն միշտ ունեցել է ծնունդով ջավախքցի պատգամավորներ, այսօր էլ ունի, մեղմ ասած՝ նրանք աչք են փակել շատ հարցերի վրա. Ջավախքի հայկական դպրոցներում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները հոգևարքի մեջ են, իսկ Բուղաշեն գյուղի դեպքը թարմ օրինակ է. այսօր, առավել քան երբևէ, ջավախքցին մենակ է իր խնդիրներով դեմ հանդիման ադրբեջանական նավթադոլարներով Վրաստանի կողմից հավանության արժանացած ու իրեն նետված մարտահրավերների առաջ:
ՀՀ-ում Վրաստանի դեսպանին հրավիրել ԱԳՆ-ը և բացատրել, որր հայն արժանավույնս գնահարում ու մեծարում է իր հերոսներին, իսկ բուղաշենցի Միքայել Ավագյանի հայրենիքի ազատության համար նահատակված հազարավոր քաջորդիներից մեկն է:
Հրավիրել մամուլի ասուլիս, մեկ անգամ ևս աշխարհին ու ազերիներին հասկացնել ու բացատրել, որ հերոսը քնած զինվորին կացնահարող ստահակը չէ, այլ չորս մանկահասակ երեխաներին հայրենի գյուղում թողած ու այրան կանչով հայրենիքի սահմանները պաշտպանող քաջ հայորորդին:
Եթե ոչինչէլ չեք անելու, գոնե արժանապատվության համար բարձրաձայնեք: Ժողովրդական խոսքն ասում է. «Չես անձրևում, գոնե որոտա…”
Ջեմմա Բաղդադյան
Երևան