Հունվարի 28-ին ՎրաստանումՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպեց պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան (Levan Izoria), նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին (Lela Chikovani), ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան (Vladimer Chachibaia), պաշտապանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թևզաձեն (David Tevzadze), ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը (Enrico Apriamov), ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հոգևոր դասի և վիրահայ համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
Ողջույնի իր խոսքում Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Տիգրան Հովհաննիսյանն անդրադարձ կատարեց օրվա խորհրդին ու Հայոց զինուժի դերին ու նշանակությանը, ինչպես նաև խոսեց Հայոց բանակի կազմավորման գործընթացի ու դրա անցած ուղու մասին։
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր ելույթում ընդգծեց հայ և վրացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված փոխգործակցության կարևորությունը՝ շեշտելով ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանային անվտանգության։ Նախարարը, անդրադառնալով հայ-վրացական բարեկամությանը, մատնանշեց, որ Հայաստանը մշտապես դիտարկվում է որպես բարեկամ երկիր։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր շնորհավորական խոսքում նշեց այն կարևոր դերակատարությունը, որն իրականացնում են ՀՀ Զինված ուժերը երկրի անվտանգության պահպանման գործում։
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Էնրիկո Ապրիամովը խոսեց դարերի պատմություն ունեցող հայ-վրացական զինակցության մասին։