Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանին և Բելառուսին չի հրավիրի մասնակցելու 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին: Այս մասին տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ հուլիսի 26-ին ՄՕԿ-ը Փարիզի Օլիմպիական խաղերի հրավերներ կուղարկի 203 ազգային օլիմպիական կոմիտեների: Այդ ցուցակում չեն ընդգրկվել Ռուսաստանի և Բելառուսի օլիմպիական կոմիտեները, որոնք պատժամիջոցների տակ են։
Բացի Ռուսաստանից և Բելառուսից՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու հրավեր չի ստանա նաև Գվատեմալան, որը հեռացվել էր 2022 թվականի սեպտեմբերին:
Ինչ վերաբերում է ռուս և բելառուս մարզիկներին Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվությանը, ապա այդ հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել: