Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստվում է ակտիվացնել եվրաինտեգրման գործընթացը։ Նա նշել է, որ խոսքը մաքսային միության շուրջ Բրյուսելի հետ երկխոսության մասին է։
«Եվրամիությունում դրական մթնոլորտ է մեր եվրաինտեգրման գործընթացի աշխուժացման վերաբերյալ։ Մենք կարագացնենք Մաքսային միության շրջանակներում հարաբերությունների նորացման բանակցությունները, ինչը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա։ Հուսով եմ, որ առանց վիզայի ռեժիմի հարցում տարաձայնությունը կհաղթահարվի»,- նշել է Էրդողանը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Եվրամիության անդամ դառնալու Անկարայի ցանկությանը։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին դրական էր արտահայտվել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։