Եվրոպայում հրդեհներ են, իսկ ԱՄՆ-ում՝ ջրհեղեղներ

Եվրոպայում հրդեհներ են, իսկ ԱՄՆ-ում՝ ջրհեղեղներ



Հունաստանն ու Իսպանիան շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ: Հունաստանի իշխանությունները նախազգուշացնում են Աթենքի տարածքում և երկրի այլ շրջաններում հրդեհների բարձր վտանգի մասին: Թուրքիայի սահմանի մոտ մի քանի գյուղ տարհանվել է։
Իսպանական Տեներիֆեում հրշեջներին հաջողվել է հսկողության տակ վերցնել վերջին հինգ օրերին մոլեգնող կրակը: Հրդեհն ընդգրկել է ավելի քան 5 հազար հեկտար։ Քաղաքի շատ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները:
Կանարյան կղզիների կառավարությունը հայտարարել է, որ Տեներիֆեում բռնկված հրդեհների պատճառը մարդկային գործոնն է։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
Շոգ եղանակը պահպանվում է նաև Ֆրանսիայում: Սպասվում է, որ երկրի հարավում օդի ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը:

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգն այդ նույն ժամանակ պայքարում է հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների ու սողանքների դեմ: «Հիլարի» փոթորիկը Մեքսիկայի հյուսիսից արդեն հասել է ամերիկյան այդ նահանգ: Ջրի տակ են հայտնվել Լոս Անջելեսի փողոցներն ու մետրոն, մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են: Վերջին 84 տարվա ընթացքում «Հիլարին» առաջին արևադարձային փոթորիկն է, որ հարվածում է Կալիֆոռնիային: Նահանգապետ Գևին Նյուսոմը Հարավային Կալիֆոռնիայի մեծ մասում արտակարգ դրություն է հայտարարել: