Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողություններին և միջազգային հանրության արձագանքին:
«Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։
Այսինքն՝ Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից հումանիտար ապրանքների, ալյուրի և այլ առաջնահերթ սննդի առաքումները Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ թույլ չտալով նրանց հավաքել իրենց աճեցրած ցորենն ու հաց թխել:
Այս խնդրի հումանիտար կողմը Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունն է, իսկ հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց վտարելու իրենց հայրենիքից, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ:
Կարծես թե, միջազգային հանրությունն ուզում է ասել, որ ի վիճակի չէ ոչ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ կարողանան հաց թխելու համար դաշտերից ցորեն հավաքել, ոչ էլ ապահովել Լաչինի միջանցքում արդեն 3 շաբաթ կանգնած ալյուրի առաքումը 120 հազար մարդու»,- գրել է Մարուքյանը: