Լինում են դեպքեր, երբ ուշացման պատճառով չենք հասցնում ծանր վիրավորում ունեցողի կյանքը փրկել. ԼՂ առողջապահության նախարար

Լինում են դեպքեր, երբ ուշացման պատճառով չենք հասցնում ծանր վիրավորում ունեցողի կյանքը փրկել. ԼՂ առողջապահության նախարար



ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է այնտեղ, տեղեկություններ հայտնել վիրավորներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նախարարը շեշտել է` իրավիճակը փոխվում է ամեն րոպե, թվերն էլ են փոխվում:

«Ունենք մի քանի տասնյակ զոհեր, նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք, կա մանուկ, ում եղբայրն էլ ծանր վիճակում է, այլ երեխա, հիմա փորձում ենք այդ երեխայի, նրա մոր և մահացած երեխայի աճյունը ՀՀ տեղափոխել, աշխատանքներ ենք տանում այդ տեղափոխումը կազմակերպելու համար: Ես տեղեկացվեցի, որ վերջապես Մարտունուց մեր վիրավորներին բերեցին «Հանրապետական հիվանդանոց», բուժումները կշարունակեն, խնդիրներ ունենք Մարտակերտից մեր զոհվածների աճյունները և ծանր վիրավորում ստացածներին տեղափոխելու հետ: Ռուս խաղաղապահները փոխեցին պլանները, և չունենք ուղեկցող: Կարծում եմ` վաղը վերջապես կկարողանանք նորից Կարմիր խաչի օգնությամբ անել: Աշխատանքներ ենք տանում, շատ ենք ուզում, որ 30-ից ավելի ծանր վիրավորում ունեցող մեր հայրենակիցներին գոնե այսօր տեղափոխել ՀՀ` բուժումը այնտեղ տարբեր հիվանդանոցներում կազմակերպելու: Աշխատում ենք ՀՀ ԱՆ ներկայացուցիչների հետ: Ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն տվեց համաձայնությունը, որ ուղեկցեն, մեքենաները Հայաստանից գան Ստեփանակերտ, վերցնեն մեր վիրավորներին ու տեղափոխեն ՀՀ, լինում են դեպքեր, երբ ուշացման պատճառով չենք հասցնում ծանր վիրավորում ունեցողի կյանքը փրկել»,- ասել է նա: