Եվրոպական Միությունը 5 միլիոն եվրոյով ավելացնում է ֆինանսավորումը ԼՂ ճգնաժամի հետևանքով առաջացած կարիքների բավարարման համար

Եվրոպական Միությունը 5 միլիոն եվրոյով ավելացնում է ֆինանսավորումը ԼՂ ճգնաժամի հետևանքով առաջացած կարիքների բավարարման համար

Եվրոպական Միությունը 5 միլիոն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքների: Այդ մասին հայտնել են Եվրոպական հանձնաժողովից:

 

«Ակնկալվում է, որ հակամարտության սրումը և դրան հաջորդած հրադադարը Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթ կառաջացնեն դեպի Հայաստան, ընդ որում՝ մոտ 13 500 փախստական արդեն հատել է սահմանը: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղում առկա է սննդի լուրջ պակաս և էլեկտրաէներգիայի ու ջրի հասանելիության բացակայություն:

 

5 միլիոն եվրոյի մարդասիրական ֆինանսավորումը ներառում է անցյալ շաբաթ հայտարարված 500 հազար եվրոյի արտակարգ աջակցությունը և 4,5 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորումը, որը՝

կօգնի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մարդկանց: Այս օգնությունը կտրամադրվի Հայաստանում գործող ԵՄ տարբեր մարդասիրական գործընկերների կողմից և կընդգրկի շուրջ 25 000 մարդու: Առաջնահերթությունը դրամական օգնության, բնակարանի, պարենային անվտանգության և ապրուստի միջոցների տրամադրումն է։

կօգնի Լեռնային Ղարաբաղում բնակչության խոցելի շերտերին: Այս օգնությունը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի աջակցել շուրջ 60 000 մարդու սննդի, բժշկական օգնության, բնակարանային և նյութատեխնիկական ապահովման միջոցով»,- նշված է հանձնաժողովի կայքում:

ԵՄ-ն տարածաշրջան է ուղարկելու նաև հումանիտար հարցերով փորձագետի, որն աշխատելու է տեղում հումանիտար հարցերով իր գործընկերների հետ՝ ճգնաժամին արագ արձագանք ապահովելու համար: