Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել



Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը բժշկական օգնություն է ցուցաբերում Ստեփանակերտում պայթյունի հետևանքով տուժած 22 բնակչի:
«Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Սեպտեմբերի 26-ի դրությամբ հանձնվել է ութ միավոր զրահատեխնիկա, յոթ միավոր ավտոմոբիլային տեխնիկա, չորս միավոր հակաօդային պաշտպանության միջոց, 39 միավոր դաշտային հրետանային հրանոթ, համազարկային կրակի հրթիռային կայաններ և ականանետեր, ավելի քան 3400 միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և դյուրակիր զենիթահրթիռային համալիր, մոտ 507 հազար զինամթերք:

Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում է 522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սննդի և բժշկական օգնության տրամադրումը»,- նշված է տեղեկագրում: