ՌԴ Պետդուման որոշում է ընդունել անժամկետ հետաձգել Ռուսաստանում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2022 թվականի հունիսին։
Օրինագծի քննարկումը կասեցնելու առաջարկով հանդես է եկել տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը: Նա կարծիք է հայտնել, թե տվյալ նախաձեռնությունը ներկայումս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն էլ նշել է. «Այդ օրինագծով առաջարկվում է Հայաստանին լրացուցիչ արտոնություններ տալ, այն դեպքում, երբ հանրապետության պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման համար: Մենք հենց այդ հիմքի վրա ենք որոշում կայացնում Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական իրավունքի օգտագործման թույլտվության վերաբերյալ: Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վերաբերյալ, քանի որ նրանց մոտ ռուսերենն ամրագրված է սահմանադրորեն։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք տեսնում ենք, որ ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, իսկ վերջին որոշումները բոլորովին ուղղված չեն այդ ոլորտում հարաբերությունների զարգացմանը»: