Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ կվերցվեն հետևյալ անձինք. ԼՂ-ի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ն, և 3-րդ խումբն այն անձինք են, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ-ի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվել են ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
«ԼՂ-ում տեղի ունեցած իրադաձությունների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ի ողջ բնակչությունն իրենց կամքին հակառակ բռնի տեղահանվել են իրենց մշտական բնակության երկրից՝ հայտնվելով ՀՀ տարածքում, և նրանք տեղահանվել են համատարած բռնության և բռնության իրական սպառնալիքի, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների և Ադրբեջանի հայատյաց, ԼՂ-ի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու քաղաքականության պատճառով։ Փաստացի, ԼՂ-ի բնակիչները այսօր հնարավորություն չունեն վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր։ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը և դրանով՝ նաև նրանց իրավունքների և պարտականությունների շրջանակը։
Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում են փախստականների համար օրենքով և միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայով նախատեսված իրավունքներից։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը»,- ասաց Գրիգոր Մինասյանը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ մարդիկ առանց որևէ դիմումի և որևէ մարմին այցելելու ստանում են ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձի կարգավիճակը, ըստ էության, փախստականի կարգավիճակը, և իրենք դիմումով կամ այդ փաստաթուղթը ստանալու բերումով չէ, որ ձեռք են բերելու այդ կարգավիճակը։ Դա ուղղակի լինելու է կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, որը երբեմն, դիցուք, ճամփորդելիս կարող է անրհրաժեշտ լինել:
Միրզոյանը նաև նշեց, որ մարդիկ, այդ կարգավիճակն ունենալով, իրավունք ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն՝ դրանից բխող բոլոր հավելյալ իրավունքներով և պարտականություններով, այդ թվում՝ կենսաթոշակ ստանալու, բայց նաև, օրինակ, քաղաքացի դառնալով, կենսաթոշակ ստանալով՝ փախստականին տրամադրվող սոցիալական աջակցությունը տեղին չի լինի։