Հուլիսի 7-ին Թբիլիսիի Միխեիլ Ջավախիշվիլու անվան համալսարանի իրավաբանական բաժնի առաջին կուրսի ուսանողները այցելեցին Ախալցխայի հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Եկեղեցում ուսանողներին դիմավորեցին Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանը եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Ախալցխա» պարային համույթի երիտասարդները եւ տեղի հայ ուսանողները։ Վրաց ուսանողների այցի նպատակն էր ծանոթանալ եկեղեցու պատմությանը եւ շփվել ազգությամբ հայ իրենց հասակակիցների հետ։
Հանդիպման ժամանակ Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանը ներկայացրեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատմությունը եւ կարեւորեց երիտասարդների համագործակցության գաղափարը։ Այս համատեքստում Հայր Սուրբը առաջարկեց օգոստոսին կազմակերպել ճամբար հայ եւ վրաց երիտասարդների ու ուսանողների մասնակցությամբ, որը մեծ ոգեւորությամբ ընդունվեց ինչպես ուսանողների, այնպես էլ նրանց ուղեկցող դասախոսների կողմից։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ եկեղեցու կողմից կազմակերպված հյուրասիրություն։ Նմանատիպ հանդիպոմ տեղի էր ունեցել նաեւ անցյալ տարի նույն համալսարանի դասախոսների կազմակերպման շնորհիվ։