Տարածաշրջանում նոր իրողություններ են ձևավորվել, դրանց ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտներ չենք տեսնում: Այդ մասին հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:
Բանակցությունները բազմիցս խաթարած Ադրբեջանի նախագահի օգնականը կոչ է արել Հայաստանին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Հայաստանից հստակ քայլեր ու գաղափարներ ենք ակնկալում, հայկական կողմը դեռևս տարածաշրջանից դուրս է նայում, երբ խոսքը խաղաղության պայմանագրին է վերաբերում: Երրորդ կողմերի օրակարգն առաջ քաշելու փոխարեն հարկավոր է առաջ տանել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասել է Հաջիևը:
Նրա խոսքով՝ խաղաղության արմատները տարածաշրջանում են, այլ ոչ Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում:
Հաջիևը հավելել է, որ Ադրբեջան-Հայաստան կարգավորումից բխում է նաև Թուրքիա-Հայաստան կարգավորումը:
Հաջիևը նաև տեղեկացրել է, որ Իրանի հետ նախնական շփումներ են սկսվել Նախիջևանի և Ադրբեջանի այլ տարածքների միջև տրանսպորտային ուղիների վերականգնման ուղղությամբ։