Սանդուն մտադիր է վերընտրվել՝ ապահովելու Մոլդովայի անդամակցությունը Եվրամիությանը

Սանդուն մտադիր է վերընտրվել՝ ապահովելու Մոլդովայի անդամակցությունը Եվրամիությանը



Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահի ընտրությանը, ինչպես նաև նախաձեռնել հանրաքվե՝ Եվրամիությանը երկրի անդամակցելու վերաբերյալ։
«Մեր ապագան եվրոպական ընտանիքում է, և պետք է ամբողջ երկրին հստակ ասել, թե ո՛ր ճանապարհն ենք մենք ընտրում Մոլդովայի համար։ Խնդրում եմ խորհրդարանին հաջորդ տարվա աշնանը նախաձեռնել հանրաքվեի կազմակերպումը, որում որոշիչ կլինի քաղաքացիների ձայնը»,- ասել է նախագահը։
2020 թվականի ընտրություններում Սանդուն հաղթել է՝ ստանալով ձայների 57,7%-ը, ընդդեմ Իգոր Դոդոնի՝ 42,2%-ի, դառնալով Մոլդովայի առաջին կին նախագահը։ Նա հետևողականորեն հանդես է գալիս Եվրոպական միությանն ինտեգրման օգտին։ 2022 թվականի մարտին Սանդուն ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու հայտը, իսկ մի քանի ամիս անց Քիշնևը Կիևի հետ միաժամանակ ստացել է դաշինքի անդամի թեկնածուի կարգավիճակ։
Դեկտեմբերին ԵՄ խորհրդի երկօրյա գագաթնաժողովից հետո Բրյուսելը որոշել է բանակցություններ սկսել Մոլդովայի և Ուկրաինայի հետ Միությանը միանալու վերաբերյալ։

Սանդուն հնարավոր է համարել Մոլդովայի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2030 թվականը՝ չճանաչված Մերձդնեստրի հետ, թեև վերջինի տարածքում ներկայումս տեղակայված են ռուսական զորքեր։ Միաժամանակ ԵՄ-ն չի բացառել, որ անդամակցությունը կարող է տեղի ունենալ առանց այդ տարածաշրջանի։